Notice: Trying to get property of non-object in /home/karamurza/public_html/wp-content/themes/music_college/instrument.php on line 29

Պատմություն

Կարա-Մուրզայի անվան պետական երաժշտական ուսումնարանը, այսօր արդեն քոլեջը, հիմնադրվել է 1924 թվականին: Կոմպոզիտոր, խմբավար, հասարակական գործիչ Դանիել Ղազարյանը Լենինականում /այժմ` Գյումրի/ հիմնում է երաժշտական ստուդիա, որի հիման վրա ստեղծվում է երաժշտական դպրոց, իսկ 10 տարի անց` երաժշտական ուսումնարան: 1954թ. ուսումնարանի 20-ամյակի կապակցությամբ Հայկական ՍՍՌ Մինիստրների Սովետի որորշմամբ ուսումնարանը կոչվել է հայ կոմպոզիտոր, խմբավար, երաժշտական-հասարակական գործիչ Քրիստափոր Կարա-Մուրզայի անունով: 2006թ. <<Կարա-Մուրզայի անվան պետական երաժշտական ուսումնարան>>-ը փոխվեց քոլեջի: Հիմնադրման օրվանից երաժշտական ուսումնարանում գործել են դաշնամուրային, լարային, փողային, ժողովրդական գործիքների, երգեցողության տեսական բաժիններ: Վերջին տարիներին ավելացել են նաև դիզայն, էստրադային երաժշտարվեստ, պարարվեստ, դերասանական արվեստ մասնագիտությունները: Կարա-Մուրզայի քոլեջը Շիրակի մարզի միակ միջնակարգ երաժշտական կրթօջախն է, որը ակտիվորեն մասնակցում է նաև մարզի մշակութային կյանքի զարգացմանը, նպասում երիտասարդ սերնդի գեղագիտական ճաշակի ձևավորմանը, ինչպես նաև հոգևոր ներաշխարհի հարստացմանը: Պահպանելով քոլեջի ավանդույթները` թե' դասախոսները, թե' ուսանողները մասնակցում են զանազան մրցույթների, միացյալ համերգների, որոնցում արժանանալով մրցանակների, բարձր են պահում քոլեջի վարկանիշը և հետամուտ են նոր ձեռքբերումների: Շրջանավարտներից շատերը շարունակում են ուսումը երաժշտական ԲՈւՀ-երում, իրականացնում մասնագիտական գործունեություն: Կարա-Մուրզա երաժշտական քոլեջի 85-ամյա պատմությունը զարդարում են հեղինակավոր անուններ: Ուսումնարանի շրջանավարտներից են կոմպոզիտորներ Մարտուն Իսրայելյանը, Երվանդ Երկանյանը, հայտնի երաժիշտ-կատարողներ` դաշնակահարուհի Ռոզա Թանդիլյանը, ջութակահար Հմայակ Դուրգարյանը (Իսպանիա), Նարինե Սիմոնյանը (երգեհոնահար, Ֆրանսիա), Իրինա Զաքարյանը (օպերային երգչուհի): Մեծանուն կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանի կոնսերվատորիա տանող ճանապարհը ևս անցել է մեր կրթօջախով: